AMBERD Research Center
Founded in 2013, AMBERD Research Center, within Armenian State University of Economics, is a University Affiliated Think Tank.
10/08/2026
Հոդվածում ուսումնասիրվել է ջրային ռեսուրսների կառավարման միջազգային փորձը։ Համեմատական վերլուծությամբ բացահայտվել են Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման համակարգի ինստիտուցիոնալ առանձնահատկությունները, առավելություններն ու սահմանափակումները։ Դիտարկվել են ջրային ռեսուրսների կառավարման տարբեր մոդելներ, ինչպես նաև Իսրայելի և Իսպանիայի փորձը՝ որպես կենտրոնացված և ապակենտրոնացված կառավարման համակարգերի օրինակներ։ Ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ տարբեր երկրներում ջրային ռեսուրսների կառավարման համակարգերը ձևավորվում են բնական, տնտեսական և ինստիտուցիոնալ պայմանների ազդեցությամբ, հետևաբար՝ կիրառվում են կառավարման բազմազան մոտեցումներ։ Ինչ վերաբերում է Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման համակարգին, ապա դա ունի երկակի ինստիտուցիոնալ կառուցվածք. խմելու ջրի ոլորտում գործում է կենտրոնացված կառավարման մոդել, իսկ ոռոգման ջրի ոլորտում՝ ապակենտրոնացված մոտեցում՝ ջրօգտագործողների կազմակերպությունների ներգրավմամբ։
Ամբողջական հոդվածը՝https://asue.am/upload/files/amberd/2026-year-3/7.pdf
07/08/2026
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, գիտաշխատող Աշոտ Մարկոսյանի, նույն կենտրոնի տնօրեն Էլյանորա Մաթևոսյանի և Մերուժան Մարկոսյանի հերթական ուսումնասիրությունը վերաբերում է արևային էներգիայի զարգացմանը և հնարավորություններին Հարավային Կովկասի երկրներում։ "The Dynamics, Challenges, and Strategic Opportunities of Solar Energy Development in the South Caucasus Countries" հետազոտությունը ներառում է 2018-2024 թվականների ցուցանիշները և վկայում, որ տարածաշրջանում առկա է արևային էներգիայի տեղակայման հստակ աճ, թեև տարբեր արագություններով: Արևային էներգիայի օգտագործման աճը ուղեկցվում է այդ ոլորտում քաղաքականության փոփոխմամբ, ներդրումային ռիսկերի բաշխմամբ, ցանցին ինտեգրման պատրաստվածությամբ և տեխնոլոգիաների հասանելիության ապահովմամբ: Տարբեր մեթոդաբանությամբ կատարված հաշվարկները թույլ են տալիս, քանակական տվյալներից բացի, իրականացնել նաև քաղաքականության վերլուծություն և առաջարկել շուկայական կանոնների կառուցվածքային, որակական վերանայման պահանջ։
Հետազոտությունը հրապարակվել է Scopus գիտաչափական շտեմարանում ներառված "Journal of Environmental Accounting and Management" պարբերականում և հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.lhscientificpublishing.com/Journals/articles/DOI-10.5890-JEAM.2026.09.006.aspx
07/08/2026
Երևանի կայուն ու համաչափ զարգացման մասին խոսվում է ամեն առիթով։ Սկսած գլխավոր հատակագծից ու վերջացրած մատուցվող ծառայություններով՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը տեղական ինքնակառավարման համակարգում պետք է լինի ոչ միայն առաջամարտիկ, այլև օրինակելի ու նորարարական միտումներ թելադրող։ Իհարկե, պատահական չէ, որ, որպես տեղական ինքնակառավարման մոդելով կենսագործվող միավոր, Երևանն ունի ՏԻՄ առանձին օրենք, որն ընդգծում է մայրաքաղաքի կարևորության աստիճանը։ Պետք է արձանագրել, որ թեև առանձին օրենքը սկզբունքորեն ՀՀ ՏԻՄ հիմնական օրենքի կրկնօրինակն է, բայց և այնպես, դա հնարավորություն է տալիս բարելավելու մայրաքաղաքի կառավարման օրենսդրությունը՝ չխաթարելով տեղական ինքնակառավարման ինչպես ներհանրապետական, այնպես էլ միջազգային չափանիշներն ու սահմանումները։ Հոդվածում փորձ է արվում պատասխանելու հետևյալ հարցին. արդյո՞ք Երևանի ՏԻՄ օրենքը համահունչ է ներկա մարտահրավերներին, որոնք ծառացել են ժամանակի միտումների հետ ներդաշնակեցման ձգտող մայրաքաղաքների ղեկավարների առջև։
Ամբողջական հոդվածը՝https://asue.am/upload/files/amberd/2026-year-3/6.pdf
06/08/2026
Շուկայական տնտեսության զարգացման ընթացքում հիմնական խնդիրներից մեկը եղել է տեղեկատվության սահմանափակությունը։ Թվային դարաշրջանում այդ խնդիրը ոչ թե վերացել է, այլ փոխակերպվել. տեղեկատվության սակավությունը փոխարինվել է գերհագեցվածությամբ, ինչի հետևանքով տնտեսության սակավ ռեսուրս է դարձել ոչ թե տեղեկատվությունը, այլ մարդու ուշադրությունը։ Ուշադրության տնտեսությունը, զգալի ներուժ ունենալով համաշխարհային տնտեսության զարգացման համար, միաժամանակ առաջացնում է բացասական հետևանքներ՝ հասարակության հոգեկան և մտավոր առողջության, անձնական տվյալների անվտանգության առումով, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել աշխատանքի արտադրողականության և տնտեսական զարգացման տեմպերի նվազման։ Այս համատեքստում կարևորվում են թվային հարթակների՝ ավելի գիտակցված ձևով օգտագործումը և դրանց արդյունավետ վերահսկման ու կարգավորման ապահովումը։
Ամբողջական հոդվածը՝https://asue.am/upload/files/amberd/2026-year-3/5.pdf
05/08/2026
Հյուրանոցային ոլորտը վերջին տարիներին ավելի ակտիվորեն է ներդնում թվային նորարարություններ՝ գործառնական արդյունավետությունը, հյուրերի փորձառությունը և կայունությունը բարելավելու նպատակով։ Գայանե Թովմասյանի համահեղինակած «Digital Innovations in the Hotel Industry: Ecological Benefits and Risks» վերտառությամբ հոդվածն ուսումնասիրում է հյուրանոցային ոլորտում կիրառվող հիմնական թվային նորարարությունները՝ վերլուծելով դրանց էկոլոգիական առավելություններն ու հնարավոր ռիսկերը։ Հետազոտությունը նաև ներկայացնում է ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկություններ, ներառյալ վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառումը, էլեկտրոնային սարքերի թափոնների պատասխանատու կառավարումը, խելացի շենքային տեխնոլոգիաների ներդրումը և այլն։
Հոդվածը տպագրվել է Scopus գիտաչափական շտեմարանում ընդգրկված “Climate Change Management” պարբերականում և հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://link.springer.com/chapter/10.1007/978-3-032-20106-5_3
05/08/2026
Հոդվածում վերլուծվում է կրիպտոարժույթների շուկայի՝ սպեկուլյատիվ թվային ակտիվներից ավելի լայն ֆինանսական գործիքի վերափոխման գործընթացը։ Ուսումնասիրվում են համապատասխան շուկայի կառուցվածքը, կրիպտոարժույթների օգտագործման գլոբալ ընդլայնումը, կայուն մետաղադրամների (stablecoin) աճը, անկայունությունը, օգտագործողների վարքագիծը և հիմնական ֆինանսական ռիսկերը: Հետազոտությունը հիմնված է կրիպտոարժույթների շուկայի տվյալների բազաների և զեկույցների վրա (այդ թվում՝ CoinGecko, Crypto.com, Chainalysis և TRM Labs): Արդյունքում պարզ է դառնում, որ կրիպտոարժույթների շուկան աճում է ոչ միայն ներդրումային պահանջարկի, այլև գործնական կիրառման, օրինակ՝ միջպետական փոխանցումների, առևտրային իրացվելիության, անկայուն տնտեսություններում խնայողությունների և կայուն մետաղադրամներով վճարումների շնորհիվ: Միաժամանակ, կրիպտոարժույթները մնում են բարձր ռիսկային՝ կապված շուկայի կենտրոնացման, խարդախությունների, կիբեռանվտանգության ռիսկերի, թույլ ֆինանսական գրագիտության և կրիպտոակտիվների մեծ մասի՝ երկարաժամկետում անորոշ արժեքի հետ:
Ամբողջական հոդվածը՝https://asue.am/upload/files/amberd/2026-year-3/4.pdf
04/08/2026
Առցանց հասանելի է «Ամբերդ» մատենաշարի 87-րդ հետազոտությունը՝ «ՀՀ մարզերի ներդրումային գրավչության բարձրացման ուղիները (Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի օրինակով)»։
Ավելին 👇
https://asue.am/am/news/the-87th-issue-of-the-amberd-series-is-available-online
#հետազոտություն
ՀՊՏՀ Առցանց հասանելի է «Ամբերդ» մատենաշարի 87-րդ թողարկումը
04/08/2026
Աղքատության կրճատմանն ուղղված հետևողական քաղաքականության իրականացման տեսանկյունից, առաջնային նշանակություն ունի աղքատության ցուցանիշների պարբերական մշտադիտարկումը։ Սույն հոդվածում փորձ է արվել վերլուծելու աղքատության մակարդակը բնութագրող հիմնական ցուցանիշները` դիտարկելով աղքատությունն ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական հարթություններում։ Վերլուծության արդյունքում ակնառու է դարձել, որ թեև 2024 թ. աղքատության ցուցանիշները Հայաստանում բարելավվել են, սակայն կրթական և առողջապահական ծախսերն անհավասարաչափ են բաշխվել բնակչության տարբեր խմբերի միջև։ Սոցիալապես անապահով խավի համար դեռևս անհասանելի, իսկ աղքատության վերին գծին մոտ գտնվող եկամտային խմբի համար սահմանափակ չափով են հասանելի կրթական և առողջապահական ծառայությունները։ Կարելի է նկատել, որ ծնողների կրթական մակարդակը նշանակալի ազդեցություն ունի երեխաների՝ ինչպես եկամուտների, այնպես էլ կրթական մակարդակի վրա։
Ամբողջական հոդվածը՝https://asue.am/upload/files/amberd/2026-year-3/3.pdf
03/08/2026
«Ամբերդը» հրավիրում է «Հայաստանի սահմանամերձ մարզերի զարգացման հնարավորությունները TRIPP ծրագրի իրականացման պայմաններում» հետազոտական թեմայի առաջին ներբուհական քննարկմանը:
Ավելին 👇
https://asue.am/am/announcement/invites-you-to-an-intramural
#հետազոտություն
#Ամբերդ
ՀՊՏՀ «Ամբերդը» հրավիրում է ներբուհական քննարկման
03/08/2026
Նեղուցներն ու ջրանցքները, որպես միջազգային առևտրի և էներգակիրների փոխադրման կարևորագույն ուղիներ, համաշխարհային բեռնաշրջանառության ռազմավարական բաղադրիչներն են։ Դրանց արդյունավետ և անվտանգ գործունեությունը որոշիչ դեր ունի համաշխարհային տնտեսության կայուն զարգացման համար: Այս անցուղիները չափազանց խոցելի են՝ պայմանավորված բարձր կենտրոնացվածությամբ, սահմանափակ թողունակությամբ և այլընտրանքային ճանապարհների բացակայությամբ կամ անբավարար հզորությամբ։ 2026 թվականի փետրվարի վերջին ԱՄՆ-իսրայելական տանդեմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների շրջանակներում Հորմուզի նեղուցի փակումն ու դրա արդյունքում առաջացած աշխարհատնտեսական ցնցումները ստիպեցին կարևորել նեղուցների և ջրանցքների դերը համաշխարհային բեռնաշրջանառության համակարգում՝ որպես ռազմավարական «խցանային կետեր» (chokepoints): Ըստ ԱՄՆ-ի Էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) զեկույցների՝ Հորմուզի նեղուցի և Սուեզի ջրանցքի վրա են հիմնված ծովային ճանապարհով իրականացվող նավթի համաշխարհային առևտրի մոտ 35%-ը, հեղուկ բնական գազի առևտրի գրեթե 20%-ը և գլոբալ կոնտեյներային առևտրի շուրջ 30%-ը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նավթի և գազի համաշխարհային պահուստային հզորությունների մեծ մասը կենտրոնացած է Պարսից ծոցի տարածաշրջանում, Հորմուզի նեղուցը համաշխարհային դիվանագիտության մեջ կարևորագույն դերակատարում և ռազմավարական նշանակություն ունեցող նեղ դարպաս է, որը գտնվում է Պարսից և Օմանի ծոցերի միջև։ Ասիական շուկաները Հորմուզի նավթային հոսքերի առաջատար ուղղություններից են։
Ամբողջական հովդածը՝https://asue.am/upload/files/amberd/2026-year-3/2.pdf
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the organization
Telephone
Website
Address
Armenian State University Of Economics, 128 Nalbandyan
Yerevan
0025
Opening Hours
| Monday | 09:00 - 17:30 |
| Tuesday | 09:00 - 17:30 |
| Wednesday | 09:00 - 17:30 |
| Thursday | 09:00 - 17:30 |
| Friday | 09:00 - 17:30 |
Alerts
Be the first to know and let us send you an email when AMBERD Research Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.